Ուղերձ Ծիրանի Ծառ Դեբեդ Վավերագրական Միջազգային Կինոփառատոն

291

Ուղերձ Ծիրանի Ծառ Դեբեդ Վավերագրական Միջազգային Կինոփառատոն

Սիրելի բարեկամեր՜

Սրտանց ողջունում եմ ձեզ այս մտերմիկ հայկական գյուղում։

Համոզված եմ, որ Դեբետում ապրած օրերը բարի ու բեղմնավոր հետք կթողնեն ձեր սրտերում։ Բոլորս կհարստանանք նոր հանդիպումներով ու տպավորություններով, գուցե փոքր, բայց աճ կունենանք մեր ստեղծագործական կյանքում։

Ապրելով գյուղացու տանը՝ դուք բացառիկ հնարավորություն կունենաք անմիջականորեն շփվելու և մոտիկից ծանոթանալու հայ մարդու կյանքին, նրա սովորույթներին ու բնավորությանը։

Տասը երկիրներից կինոգործիչներ են հավաքվել Դեբետում։ Գյուղի փոքրիկ տարածքը, անշուշտ, կնպաստի մասնակիցների ինտենսիվ շփմանը թե միմյանց և թե հայ գործընկերների հետ։ Կստեղծվեն նոր կապեր, կծնվեն համատեղ ծրագրեր։

Դեբետի և շրջակա գյուղերի բնակիչների համար այս փառատոնը մշակութային հսկայական իրադարձություն է։ Ութ օր մեծ էկրանին նրանք կտեսնեն տարբեր երկրների և մայրցամաքների մարդկանց կյանքը՝ նրանց ձգտումները, հոգսերը, ուրախությունն ու վիշտը և, անշուշտ, այն յուրահատուկ աշխարահայացքը, որը ձեզանից յուրաքանչյուրը փորձել է փոխանցել իր ֆիլմի միջոցով։

Փառատոնի ժյուրին կորոշի ու կպարգևատրի հաղթողներին, բայց ձեզնից յուրաքանչյուրն արդեն հաղթել է, քանի որ այստեղ եք, քանի որ ձեր ֆիլմերը ընտրվել են բազմահարյուր ֆիլմերի միջից։

Հետևաբար ողջունելով ձեզ՝ միաժամանակ շնորհավորում եմ ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակը։ Համարենք, որ մեր փառատոնը հաղթողների տոն է։

Շնորհավո՛ր։

Շնորհավո՛ր «Ծիրանի ծառ» տոնը։

Գարեգին Զաքոյան
Ծիրանի Ծառ Դեբեդ Վավերագրական Միջազգային Կինոփառատոնի Տնորեն
Ֆիլմադարան ՀԿ նախագահ