Ժակ Քեբադեան

Ժակ Քեբադեանը ծնվել է 1940 թվականին Ֆրանսիայում՝ 1920-ականներին գաղթած հայ ծնողների ընտանիքում: 1964 թվականին ավարտել է Խորացված կինեմատոգրաֆիական ուսուցման ինստիտուտը (IDHEC): 1965-1969 թթ․ եղել է Ռոբեր Բրեսոնի օգնականը «Պատահաբար Բալթազար», «Մուշետ» և «Նրբիկը» ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Իր առաջին խաղարկային ​​ֆիլմից հետո (1967-ի «Տրոցկի»-ն) անցել է վավերագրական կինոյին։ 1980-ականներից՝ հոր մահից հետո, Քեբադեանը կարիք է զգացել վերադառնալու իր ակունքներին, ճանաչելու այն առասպելական երկիրը, որի մասին պատմում էր հայրը։ 1981-ին նա հեղինակել է «Հայաստան 1900»-ը՝ նվիրելով այն հոր հիշատակին։ 1982-ին համահիմնադրել է «AAA»-ն (Հայկական տեսալսողական ասոցիացիան), որի նպատակն է տարածել հայաստանցի և Սփյուռքի կինոգործիչների ֆիլմերը: Դրանից ի վեր թողարկել է մի քանի առանցքային ֆիլմեր, որոնք վերաբերում են Հայաստանին և նրա պատմությանը, օրինակ՝ «Առանց հնարավոր վերադարձի» (1983) և «Ի՞նչ եղան իմ ընկերները» (1984): «Հինգ քույրերը» 1985-ին, «Հայկական հիշողությունը» 1993-ին և վերջապես «Քսան տարի անց»-ը 2002-ին եզրափակում են այս վերադարձը դեպի ակունքներ: Ժակ Քեբադեանը հետաքրքրված է արմատախիլ արված, աքսորված ժողովուրդների պատմությամբ, մասնավորապես՝ հայերի և հայկական սփյուռքի, բայց նաև Կարմիր քմերների իրագործած ցեղասպանությունից հետո Կամբոջայի թագավորական բալետի պարողների (1986-ի «Ապսարաս»-ը) կամ փաստաթղթեր չունեցող աֆրիկյան ընտանիքների («Մի թուփից մյուսը») և շատ ուրիշների պատմությամբ։

Exit mobile version