Ռոբերտ Ջեյ․ Ֆլաերթի

209

Ռոբերտ Ջեյ․ Ֆլաերթի

Ռոբերտ Ջոզեֆ Ֆլաերթին (1884-1951) ամերիկացի կինոռեժիսոր էր, ով համարվում է ինչպես վավերագրական, այնպես էլ ազգագրական կինոյի հայրը։ Նա առաջիններից էր, ով համատեղեց վավերագրական թեմաները խաղարկային ​​ֆիլմի նմանվող պատմողական և բանաստեղծական մոտեցման հետ։ Ֆլաերթին յոթ երեխաներից մեկն էր, որը ծնվել էր երկրաբան Ռոբերտ Հենրի Ֆլաերթիի և Սյուզան Քլոքների ընտանիքում: Երկաթի հանքաքար որոնող հոր աշխատանքի շնորհիվ էր, որ Ռոբերտը բնական հետաքրքրասիրություն ձևավորեց այլ մշակույթներ կրող մարդկանց նկատմամբ: 1914 թվականին Անգլիայի թագավորական աշխարհագրական ընկերակցությունն իր շարքեր ընդունեց Ֆլաերթիին Հուդզոնի ծովածոցում Բելչերյան խմբի գլխավոր կղզու (վերա)հայտնաբերման համար։ Ֆլաերթին Տորոնտոյում հայտնի էր որպես լուսանկարիչ: Ամերիկյան հնդկացիների և վայրի կյանքի՝ ճամփորդությունների ժամանակ արված նրա պատկերները հենց այն են, ինչն ի վերջո հանգեցրեց հանրահայտ «Նանուկը Հյուսիսից» ֆիլմի ստեղծմանը: Հենց նրա ոգևորությունն ու հետաքրքրությունն այս մարդկանց հանդեպ առաջ բերեցին նոր ժանրի ֆիլմ ստեղծելու անհրաժեշտությունը: Ֆլաերթիի մեծ համբավի ձևավորման մեջ խոշորագույն դեր խաղաց «Նանուկը Հյուսիսից» կինոնկարը (1922), և իր հետագա գործերից ոչ մեկն իր հաջողությամբ չհավասարվեց «Նանուկ»-ին, թեև Ֆլաերթին շարունակեց զարգացնել պատմողական վավերագրական կինոյի այս նոր ժանրն այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մոանա»-ն (1926), որի գործողությունները տեղի են ունենում Հարավային ծովերում, և «Արանցի մարդը» (1934)՝ նկարահանված Իռլանդիայի Արանյան կղզիներում։