Ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան Սցենարի հեղինակներ՝ Հարություն Խաչատրյան, Միքայել Ստամբոլցյան Օպերատոր՝ Արմեն Միրաքյան Հնչյունավորող՝ Անահիտ Կեսայան Արտադրող ընկերություն՝ Հայֆիլմ
Ֆիլմում պատկերված է Ախալքալաքը՝ Վրաստանի գավառական հայկական քաղաքը, որը ներկայանում է մեզ որպես սովետական հասարակության մերթ կատակերգական, մերթ ողբերգական մոդել:
Հարություն Խաչատրյան
Ծնվել է 1955 թվականի հունվարի 9-ին Ախալքալաքում (Վրաստան): 1981-ին ավարտել է Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Սովորելու հետ մեկտեղ աշխատում էր «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր Ալբերտ Յավուրյանի օգնական: Ուսումն ավարտելուց հետո շարունակել է աշխատանքը կինոստուդիայում՝ սկզբից որպես օպերատորի օգնական, այնուհետև որպես ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, իսկ 1985-ից սկսած նկարահանում է սեփական ֆիլմերը: 1991-ին հիմնադրել է «Դեբյուտ» կինոփառատոնը: 1993-1994 թվականներին աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես մշակույթի և կրթության բաժնի ղեկավար: 2004-ին Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ հիմնադրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և դարձել վերջինիս տնօրեն: 2013-ին ստացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Հարություն Խաչատրյանը բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր է: 2017 թվականից ի վեր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն է։