Պիբլոկտո

485

Պիբլոկտո

Պիբլոկտո/Piblokto
Ռուսաստան/ԱՄՆ, 2023, 38
ռուսերեն՝ հայ/անգլ ենթագրերով

 

Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Անաստասիա Շուբինա, Տիմոֆեյ Գլինին
Օպերատորներ՝ Անաստասիա Շուբինա, Տիմոֆեյ Գլինին
Պրոդյուսեր՝ Տիմոֆեյ Գլինին
Մոնտաժողներ՝ Անաստասիա Շուբինա, Տիմոֆեյ Գլինին
Հնչյունավորող՝ Իլյա Դունաև
Արտադրող ընկերություն՝ Rhizome films

 

Սառուցյալ օվկիանոսի ափին՝ Չուկոտկայում, աշխարհից կտրված մի ժողովուրդ է ապրում։ Նրանց կյանքը պարուրվում է ծովացլերի ու կետերի որսի և տունդրայից եկող արջերից գյուղերը պաշտպանելու շուրջ: Այս թեման ֆիլմը վերածում է մահվան շուրջ մտորումների։ Ծովային կենդանիները դառնում են մարդկանց սննդի հիմնական աղբյուրը, կենդանիների մնացորդներն օգտագործվում են մորթիների ագարակում արկտիկական աղվեսներին կերակրելու համար, մարդկանց գերեզմանոցները դառնում են արջերի թիրախ։ Ըստ երևույթին, այս շրջանի բոլոր բնակիչներն էլ սննդի և մահվան ցիկլի ակտիվ մասնակիցներ են։ Ֆիլմը հեռանում է կինոյի տիպիկ ռիթմիկ կառուցվածքից և փոխարենը որդեգրում է շամանական ծեսի ձևը, որն իմաստ ձևավորող միջոցառում է հյուսիսային ժողովուրդների համար։

Պարգևներ
Կալանավորների մրցանակ, «Իրականության կինո», Փարիզ, Ֆրանսիա, 2023։

 

Անաստասիա Շուբինա և Տիմոֆեյ Գլինին

Անաստասիա Շուբինան և Տիմոֆեյ Գլինինը միջդիսցիպլինար արվեստագետներ են, որոնք գործունեություն են ծավալում վավերագրական և փորձարարական կինոյի, վիդեոարտի, լուսանկարչության ու պերֆորմանսի ասպարեզներում։ 2018 թվականից ի վեր միասին են ստեղծագործում։ Այժմ ապրում են ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Անաստասիա Շուբինան ծնունդով Սանկտ Պետերբուրգից է և կինոռեժիսուրա է սովորել Սանկտ Պետերբուրգի Նոր կինոյի դպրոցում, լուսանկարչություն է ուսանել «Դոկդոկդոկ» արդի լուսանկարչության դպրոցում և փիլիսոփայություն՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են մի շարք միջազգային կինոփառատոներում և արժանացել պարգևների։ Նրա լուսանկարչական նախագծերը ներկայացվել են անհատական և խմբային ցուցահանդեսներում, հաղթել են միջազգային մրցույթներում և հրատարակվել են լուսանկարչական ամսագրերում և առցանց հարթակներում։ Իր անձնական նախագծերում Անաստասիան ուսումնասիրում է դիցաբանությունը, մարդաբանությունը և պատմական տրավմաների թեման։ Տիմոֆեյ Գլինինը նույնպես ծնունդով Սանկտ Պետերբուրգից է և կինոռեժիսուրա է ուսանել Սանկտ Պետերբուրգի Նոր կինոյի դպրոցում և կենսաբանություն՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում։ Նա անկախ կինոգործիչ և լուսանկարիչ է։ Նրա կինոաշխատանքները ցուցադրվել են բազում կինոփառատոներում և արժանացել են մրցանակների, իսկ լուսանկարչական նախագծերը ներկայացվել են անհատական և խմբային մի շարք ցուցահանդեսներում։ Մի քանի գիտական-արվեստային պերֆորմանսների հեղինակ է։ Իր անձնական նախագծերում Տիմոֆեյն ուսումնասիրում է մշակութային բարքերը, ազգագրությունն ու արդի գիտությունը։

 

Ֆիլմոգրաֆիա
Տեղափոխություններ (2019), Մասնատվելու արվեստը (2019), Պիբլոկտո (2023):