Երկիր Նաիրի

408

Երկիր Նաիրի

Երկիր Նաիրի
Հայաստանի ԽՍՀ, 1930, 60
համր ֆիլմ

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան
Օպերատոր՝ Գարուշ Բեկնազարյան
Արտադրող ընկերություն՝ Հայֆիլմ

Վավերագրական և բեմադրված կադրերը համատեղող այս ֆիլմը նվիրված է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման 10-ամյակին և ցույց է տալիս դժվարություններն ու խոչընդոտները, որ երիտասարդ երկիրը ստիպված էր հաղթահարել կայացման ուղու վրա։

Համո Բեկնազարյան

Ծնվել է 1892 թվականի մայիսի 31-ին Երևանում: 1912-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 1913-ին փոխադրվել է Մոսկվայի կոմերցիոն ինստիտուտ, որն ավարտել է 1918-ին: 1914-ին սկսել է նկարահանվել ֆիլմերում և շատ շուտով դարձել ռուսական նախահեղափոխական կինոյի աստղ: 1921-ին Գեորգի Գոգետիձեի հետ միասին Բեկնազարյանը հիմնադրեց Վրաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից կինոյի բաժինը: 1923-ին կինոյի բաժինը վերածվեց Վրաստանի պետկինոյի, որի առաջին ղեկավարն ու գեղարվեստական խորհրդատուն Բեկնազարյանն էր: Նույն թվականին նկարահանեց իր դեբյուտային ֆիլմը՝ «Անարգանքի սյան մոտ կամ Հայրասպանը»: Վրաստանում արել է ևս երկու ֆիլմ՝ «Կորսված գանձերը» (1924) և «Նաթելլա» (1925): 1925 թվականին Հայաստանի Ժողկոմխորի հրավերով տեղափոխվել է Հայաստան և ստեղծել առաջին հայկական խաղարկային կինոնկարը՝ «Նամուսը»: Բեկնազարյանը «Արմենֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր ընդհուպ մինչև 1951 թվականը: 1926-ին էկրաններ բարձրացավ Բեկնազարյանի «Զարե»-ն՝ պատմության մեջ եզդիների մասին պատմող առաջին ֆիլմը: Նույն թվականին նաև նկարեց առաջին հայկական կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշոր»: 1935-ին Բեկնազարյանը ստեղծեց առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ «Պեպո»-ն:

1927-ին Բեկնազարյանի նախաձեռնությամբ Մոսկվայում բացվեց «Վոստոկֆիլմ» կինոստուդիան, որը նպատակ ուներ ֆիլմեր արտադրելու ԽՍՀՄ տարածքում բնակվող փոքր ժողովուրդների մասին: 1930-1931 թվականներին Բեկնազարյանն ստեղծեց երկու ֆիլմ նանայցիների մասին՝ խաղարկային «Իգդեմբու»-ն և վավերագրական «Գոլդերի երկիրը»: Այնուհետև նկարեց խաղարկային «Շքանշանով մարդը» չեչենների ամենօրյա կենցաղի մասին: Զանազան փոքր ազգերի կյանքի ու կենցաղի պատկերումը շատ բնութագրական է Բեկնազարյանի արվեստի համար:

Համո Բեկնազարյանը մահացել է 1965 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում: Նրա արվեստը մեծ հաշվով կանխորոշել է հայ կինոյի հետագա զարգացումները, գեղարվեստական յուրօրինակությունն ու բնութագրական հատկանիշները: