Մեր փառատոնի մասին

78

Մեր փառատոնի մասին

2015 թվականին հիմնադրված «Ծիրանի ծառ» կինոփառատոնը, որի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն է, վավերագրական կինոյի ամենամյա միջոցառում է, որը տեղի է ունենում ուշ ամռանը՝ գյուղում։ Առաջին փառատոնը տեղի է ունեցել Երեւանում, երկրորդը՝ Երեւանում, Ուջան գյուղում եւ Գյումրիում, իսկ 2017-ին փառատոնը մի քանի տարով հաստատվել է Ուջանում։ 2023 թվականին փառատոնը տեղափոխվել է Լոռու մարզի Դեբեդ գյուղ։

Գյուղական կինոփառատոն կազմակերպելու գաղափարը ծնվել է Հայաստանում մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ցանկությունից. մշակութային միջոցառումների գերակշիռ մասը տեղի է ունենում մայրաքաղաք Երեւանում կամ Գյումրիում, իսկ գյուղական բնակչությունը մեծ մասամբ զրկված է միջազգային եւ անգամ հայրենական ժամանակակից արվեստի հետ շփվելու հնարավորություններից։ «Ծիրանի ծառը» նպատակ ունի գյուղական բնակչությանն արդի մշակութային կյանքի ակտիվ ու անբաժանելի մաս դարձնել։

Չնայած Քովիդ-19-ին, պատերազմին և մեր փառատոնի շատ սիրելի բարեկամ ու աջակից Մարտին Ադոյանի անսպասելի մահվանը՝ 6-րդ «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնը կայացավ 2020 թվականի սեպտեմբերի 14-20-ը՝ Ուջանում և Երևանում՝ առանց միջազգային հյուրերի (համավարակի բերած սահմանափակումների պատճառով), ու նոյեմբերի 23-30-ը՝ առցանց։ Կինոդպրոցի սաները ստեղծեցին 2 ֆիլմ: Չափազանց յուրահատուկ պահ էր Տիգրան Մանսուրյանի այցելությունն Ուջան և «Անտարես» հրատարակչության առատաձեռն նվիրատվությունը գյուղի Մշակույթի տան գրադարանին։

Փառատոնի ձեւաչափն արդեն իսկ մեծ արդյունք է գրանցել։ 2017 թվականին փառատոնի գլխավոր դափնեկիր իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, սիրահարվելով գյուղական միջավայրին եւ իրեն հյուրընկալած ուջանցիների ընտանիքին, 2019 թվականին վերադարձել է Ուջան եւ հայ-իրանական համատեղ արտադրության լիամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանել՝ «Ուջանյան պատմություն», որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականին՝ VII «Ծիրանի ծառ»-ի բացման արարողությանը։

Փառատոնի կազմակերպիչների համոզմունքն է, որ միայն ուրիշի հետ շփվելով ենք մենք ճանաչում ինքներս մեզ: Ճանաչելով զիս՝ ձգտում ենք ճանաչել նաեւ օտարին, եւ ճանաչելով միայն՝ լցվում ենք նրա հանդեպ համակրանքով: Եվ հակառակը՝ անծանոթն ու անհասկանալին անվստահություն, վախ ու թշնամանք են ծնում: Ճանաչել տարբեր ազգերի ու ցեղերի, սոցիալական ու կրոնական խմբերի կյանքն ու բարքը, նրանց ավանդույթները, խնդիրներն ու ապրումները՝ սա է «Ծիրանի ծառ»-ի կոչն ու ձգտումը: Եվ ոչինչ չի կարող ավելի լավ ու արդյունավետ իրականացնել այդ ձգտումը, քան «վավերագրական» կինոարվեստը, որի շնորհիվ հանդիսատեսը ոչ միայն տեսնում, այլեւ ապրումակցում է էկրանային իրականությանը։

Փառատոնը ցուցադրում է բոլոր ժանրերի կարճամետրաժ ու լիամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ ազգագրական, մարդաբանական, փորձարարական, անիմացիոն եւ այլն։ Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր տարի ցուցադրվում է 30-40 ֆիլմ։

2024-ին Լիամետրաժ ու Կարճամետրաժ մրցութային ծրագրերում ներկայացվում են 19 ֆիլմ, արտամրցութային բաժնում նշվում է Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակներն ու Ռոբերտ Ֆլահերթիի 140-ամյակը։ Փոքրիկ հետահայաց ծրագրով հարգանքի տուրք է մատուցվում այս տարվա ժյուրիի անդամ, ֆրանսահայ կինովավերագրող Ժակ Քեբադյանին:

2019 թվականին «Ֆիլմադարան»-ը նաեւ հիմնադրել է Ուջանի կինոդպրոցը, որտեղ ուջանցի երեխաներն ու երիտասարդները սովորում էին զարգացնել իրենց արտիստիկ գաղափարներն ու «Ֆիլմադարան»-ի կինոմասնագետների աջակցությամբ ստեղծել սեփական կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը։ Կինոդպրոցի շրջանակում ստեղծված ֆիլմերը ցուցադրվում էին փառատոնի փակման արարողությանը։ 2023 թվականին ավելի մեծ՝ եռամսյա կինոդպրոցի դասընթացներն իրականցվեցին Դեբեդում՝ փառատոնին ընդառաջ։ 2024-ին կինոդպրոցի սաների աշխատանքը կրկին կցուցադրվի փառատոնի փակման արարողությանը։